Հնչում է համարյա թե Գոդոյին սպասելիս: Երևանցիներիս համար աբսուրդ է, որ մառախուղը բլոկադայի մեջ է առել արևը, ու այդպես արդեն եղել է՝ 100 տարի առաջ: Մշուշի մեջ էլ ապրում ենք, իսկ վաղը մարտի 1-ն է: Ամբողջ աշխարհում դա հնչում է գարնան գալուստ, Հայաստանում՝ մարտի 1-ը նահանջ տարվա մղձավանջ է, որ 2008-ից մեզ հետ է: Մառախուղի պես, որի մեջ ոչինչ հստակ չէ, թեպետ ամեն ինչ իրական է: Առավել քան իրական են կյանքն ու մահը:
Առաջին նորությունը՝ ԿԸՀ-ն գրանցեց ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում առաջադրված 9 կուսակցություններին, դաշինքներին ու նրանց թեկնածուներին։ 1538-ից 1531-ին: Կոմունիստներից մեկը, դժբախտաբար, վախճանվեց: ՕՐՕ դաշինքից երկու թեկնածու փաստաթղթեր չունեին, մյուսները փոշմանեցին։
Երկրորդ նորությունը՝ ԿԸՀ-ում կուսակցությունների ներկայացուցիչները վիճակահանությամբ որոշեցին իրենց համարները՝ 1. «Ելք», 2. «Ազատ դեմոկրատներ», 3. ՀՎԿ, 4. «Ծառուկյան» դաշինք, 5. ՀԱԿ-ՀԺԿ, 6. ՀՀԿ, 7. ՀԿԿ, 8. ՕՐՕ, 9. ՀՅԴ։ Նրանք այդպես էլ կգրանցվեն քվեաթերթիկում, եթե նույնիսկ մեկը որոշի ընտրությանը չմասնակցել: Առարկողներ չեղան: Հարց՝ գուցե վիճակահանությամբ էլ որոշվի հետընտրակա՞ն դասավորությունը: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ շքեղ ու ցնցող խոսք կլինի քաղաքականության ու ընտրական տեխնոլոգիաների մեջ՝ հեղափոխություն: Խնայվում են գումարները՝ մեկ, կռիվ-կոտորած չի լինում՝ երկու, հետվիճակահանության գործընթացներ չեն լինում՝ երեք: Երրորդ նորությունը՝ ընտրողների պոպուլյացիայում գարնանային վճարովի տեղափոխություններ են սկսվել: Ռեյտինգային ընտրակարգով պատգամավորական երազ ունեցող թեկնածուներից մի քանիսը, որ նաև գործատու են՝ իրենց աշխատողներին ստիպում են փոխել գրանցման վայրը ու իրենց ձայն տալ: Ընտրողները հույժ գիտակցաբար կատարում են փոփոխությունը, մայիսն էլ կանցնի՝ տուն կվերադառնան: Իհարկե, կարող են չանել, բայց ինչո՞ւ: Նախ՝ իրենց խնդրում են, երկրորդ՝ փող են տալիս, երրորդ՝ իրենք չանեն, ուրիշը կանի: Հիմնավորումները սպանիչ են, բայց՝ կենսական: Աշխատանք կորցնելու խնդիր կա, հարգանք-պահանջարկ կորցնելու՝ վտանգ: Արգելված էլ չէ, Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԱԺ ընտրությունների դեպքում այլ համայնքում հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրից ոչ ուշ քան 10 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում են դիմում ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից ժամանակավոր դուրս գալու մասին՝ նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընտրողների տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի ընտրողների տեղամասի ընտրական ցուցակներում»: Ինչպես տեսնում եք՝ անձնական ոչինչ, միայն բիզնես:
Նույն սկզբունքով՝ անձնական ոչինչ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», ավելի ճիշտ՝ Օհանյան-Մարտիրոսյան-Օսկանյան դաշինքը առաջին ասուլիսից հետո առաջին համաժողովն արեց ու ներկայացրեց իր ծրագիրը: Կարծես՝ ՕՄՕ-ն շտապում է ու վախենում է՝ չհասցնել, փորձելով մարտի 5-ից առաջ ամեն ինչ ասել: Թեպետ այստեղ էլ առաջինը չէ՝ «Ծառուկյան» դաշինքը 15 կետերը ներկայացրել է առաջինը ու սկսել է հայտարարել, որ իր դրույթները պատճենում են: Թեպետ ի՞նչ իմաստ ունի պատճենելը, երբ նույնիսկ իրենք հրաժարվեցին «բարգավաճ»-ությունից ու ընտրությունների գնացին ամենաբարգավաճ մարդու կերպարով՝ «Ծառուկյան» դաշինք: Կարճ ու կոնկրետ, ով կասկածում է, թող հիշի, որ անցյալ դարում Ծառուկյանը եղել է բազկամարտի աշխարհի չեմպիոն: Իսկ յուրաքանչյուր չեմպիոն ունի իր անմոռանալի հարվածը, նույնիսկ եթե շախմատ է խաղում:
Օրինակ՝ ՀՀԿ-ն, որ ազդարարեց իր կարգախոսը՝ «Անվտանգություն ու առաջընթաց»: Այլևս արդիական չեն «Առաջ, Հայաստանը», «Հավատանք, որ փոխենքը», «Դեպի ապահով Հայաստանը»:
2008-2017՝ կամ պարզվել է, որ բոլորից առաջ ենք, հավատացել ու փոխել ենք ու հիմա լրիվ ապահով ենք, կամ էլ՝ առաջ գնալու տեղ չկա, ոչ հավատացինք, ոչ փոխեցինք, ոչ էլ ապահով ենք, ու մնացել են արդիական անվտանգությունն ու առաջընթացը: Փաստացի՝ իր վերջին կարգախոսով ՀՀԿ-ն ընդունել է, որ նախկինները չի իրականացրել ու խոստանում է ուղղվել: Թեպետ 2008-ին էլ Սերժ Սարգսյանը կոչ անելով «Առաջ, Հայաստան», խոստանում էր «երկիրը դարձնել ավելի անվտանգ», բայց անվտանգությունը մնացել է օրակարգում: 2012-ին ՀՀԿ նախագահն ասում էր. «Չես հավատում քո երկրին, ուրեմն երկիր չունես»: Արդեն՝ 800 հեկտարի չափով, բնակչություն՝ 12-13 տոկոսով: Իսկ ավելի անվտանգ դարձնելու համար ՀՀԿ-ն ռեյտինգային բոլոր թեկնածուների հավաք է արել ու հանձնարարել իրար չծեծել, այն է՝ չվիճել։ Մասիսը մոռանանք՝ մրցակցությունը կուսակիցների միջև էլ մրցակցություն է, ծեծկռտուքն է բնական է: Բայց չպիտի կրկնվի՝ կարգապահությունը կարգապահություն է: Հետո էլ՝ երբ ծեծողն ու ծեծվողը հերքում են, ո՞վ կպնդի, որ ծեծ եղել է: Ի՞նչ են մտածել Ընտրական օրենսգրքի երկու «հայրերը»՝ արդարադատության պաշտոնաթող նախարարներ Հրայր Թովմասյանն ու Դավիթ Հարությունյանը: Գուցե առաջնորդվել են առաջադիմական գաղափարներով, այնքան առաջադիմական, որ 100 % համամասնական ընտրակարգով սահմանել են մեծամասնական ընտրություն փաստացի, այնքան առաջադիմական, որ փաստացի անցկացնում են պրայմերիզներ, բայց՝ համապետականին զուգահեռ, այնքան առաջադիմական, որ Ընտրական օրենսգրքի գլուխկոտրուկներից միայն իրենք են գլուխ հանում, ու տարընթերցումների հմայքը կարող է բումերանգ դառնալ ընտրություններից հետո: Փաստացի՝ ռեյտինգայինը ՀՀԿ-ի ապահովության բարձիկն է: Այլապես՝ ո՞րն է 13 ընտրատարածքներում առնվազն 5 պատգամավորության թեկնածուներ առաջադրելու պահանջը 100 % համամասնականի դեպքում: Համամասնականն ունի տարբերակներ, բայց ինչո՞ւ է ընտրվել հենց այս տարբերակը, երբ կան այլ տարբերակներ: Մարտի 5-ին ՀՀԿ-ն կներկայացնի ծրագիրը, քարոզչության հիմնական թիրախները ու կշեշտի, որ իր համար «Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը մնում է անվտանգությունը»: Անվտանգություն ասելով՝ ՀՀԿ-ն կհասկանա սահմաններին չկրակելը, իսկ անվտանգությունն իբրև լեգիտիմ ընտրություննե՞ր: Իսկ բարեգործության անվան տակ ընտրակաշառք չբաժանե՞լը: Ոչ գաղափարական մեթոդները աշխատում են փառահեղ ու գործուն են ավելի, քան գաղափարականները: Բայց ՀՀԿ-ն, իբրև իշխող կուսակցություն, իրեն մեղավոր չի համարում սկզբունքորեն: Ի վերջո՝ ընտրակաշառքը քրեական գործ է, անուն ունի՝ տվողի-վերցնողի, ովքե՞ր են դատավորները:
Իսկ ընդհանրապես անվտանգության խնդիրը ունի հստակ դեմք.
1. Պետության ինքնիշխանությունը:
2. Պետական կառավարման մարմինների լեգիտիմությունը:
3. Պետության տնտեսական կարողությունները:
4. Ժողովրդագրական պատկերը:
5. Քաղաքական համակարգի կայացածությունը:
6. Բարոյաքաղաքական մթնոլորտը:
7. Արտաքին վտանգին դիմակայելու ունակությունը:
Որ կետում ի՞նչ վիճակ է, դատեք ինքներդ:
Քաղաքագետների ու փորձագետների ուժերով ընտրողներին իբրև կայացած փաստ է ներկայացվում ապագա ԱԺ-ի պատերը՝ ՀՀԿ-ն հավաքում է ձայների 50+1 %, այսինքն՝ ստանում է մեծամասնություն իր՝ համեմատությունից դուրս վարչական ու ֆինանսական ռեսուրսների հաշվին և երկրորդ ուժ հետը տանում է «Ծառուկյան» դաշինքին՝ իբրև վստահելի գործընկեր: Թե ովքե՞ր կլինեն 3-րդը, 4-րդը, 5-րդը, 6-րդը, 7-րդը, կլինե՞ն-չե՞ն լինի, ունի 64-երորդական նշանակություն: Առաջին երկուսը դուրս են մրցակցությունից, մրցակցությունը մի դաշտում է, որտեղ բոլորն իրենց անվանում են ընդդիմադիր՝ լինելով-չլինելով, նշանակություն չունի: Կա դասական բաժանում՝ ընդդիմություն ես, եթե իշխանություն չես: Բայց դասական բաժանումը գործում է դասական կանոններով գործառնող դաշտում: Հայաստանում քառորդ դարում դասականությունը իր գոյությունը ապացուցում է մեկ հատկանիշով՝ եթե դասական է, ուրեմն ողջ չէ: Հետևաբար՝ անհասանելի է՝ իմաստ չունի համեմատվել հանգուցյալի հետ: Ընտրությունների արդյունքների կանխորոշվածության ներշնչումը ընտրողներին քաղտեխնոլոգիա է, որ աշխատում է հօգուտ իշխանության: Այսինքն՝ ես ում ընտրեմ-չընտրեմ, մեկ է, հաղթելու է ՀՀԿ-ն, իմ ընտրությունից կախված չէ ոչինչ, իմ ձայնը ոչինչ չի նշանակում: ՈՒ որքան շատ ընտրող է այդպես մտածում, այնքան բերում է իշխանության բախտը: Կա հակառակ կողմն էլ՝ եթե ես ում ընտրեմ-չընտրեմ, հաղթելու է ՀՀԿ-ն, ես չեմ ընտրելու ՀՀԿ-ին, միևնույն է՝ իմ ընտրությունից ոչինչ կախված չէ, իմ ձայնը ոչինչ չի նշանակում: Ելքը, այնուամենայնիվ, կախված է ընտրությունից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՈՒրբաթ լույս շաբաթ գիշերը Իլհամ Ալիևը տվեց նոր գրոհի հրաման: Ինչո՞ւ: Երկրորդ անգամ պատերազմով հարցը լուծելու շանս չի տրվելու, փորձում է հատված առ հատված գրավել «օկուպացված տարածքները»: Ամեն ինչ անում է՝ բանակցություններից խուսափելու համար և պատասխան չունի՝ ինչո՞ւ է մերժում տարածքները հետ ստանալը: Քառորդ դար հայատյացության քարոզչության մեջ ապրող երկրին Իլհամ Ալիևը չի կարող բացատրել՝ ինչո՞ւ պիտի համաձայնի Արցախի Հանրապետության անկախությանը: Նրան նորանոր պատրվակներ են պետք՝ ուշադրությունը շեղելու սոցիալական վիճակից: Ապրիլյան պատերազմն Ադրբեջանում ներկայացվեց պատմական հաղթանակ, բայց արդյունք չտվեց, մարդկանց պետք է զբաղեցնել նոր «պատմություններով»: Որքան էլ Ադրբեջանը բռնապետական երկիր է, մարդկանց մտածել չես արգելի: Բարդույթավորված մենթալիտետը դժվարանում է ընկալել կին փոխնախագահի նշանակումը՝ նույնիսկ նախագահի կնոջը Փաշաևների դինաստիայից: Մեհրիբան Փաշաևա-Ալիևայի փոխնախագահ նշանակումից դժգոհության ալիքը պետք էր այլ ալիքով ծածկել: Փետրվարը Ադրբեջանի համար դժվար ամիս է՝ այս տարի լրանում է Խոջալուի 25-ամյակը՝ փորձեցին սեպը սեպով հանել: Բաքուն ոգևորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անհասցե հայտարարություններից, որոնցից մեկն էլ արվեց վերջին դեպքերից հետո, և փորձում է ռազմական ճանապարհով բանակցային սեղանի շուրջ իրավիճակ փոխել՝ իր համար ապահովելով նոր ելակետեր: Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնելու է Մոսկվա, Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ փորձելու է բանակցությունները մեռյալ կետից շարժել:
«Շարժի» համար Բաքուն անհրաժեշտ է համարել ռազմական նախադրյալը՝ վստահ, որ հաջողության է հասնելու: Ադրբեջանը չի հրաժարվում սուբստանցիոնալ բանակցություններից, համարելով, որ իրավունք ունի ստանալ ամեն ինչ և հիմա՝ չտալով ոչինչ և երբեք, ու փորձում է իրավունքներին հիմնավորումներ տալ: Բաքուն չի կարող բլոգեր ձերբակալելու շոուներով պատասխանել հարցին՝ ինչո՞ւ «հաղթանակները» աշխարհը չի ընդունում, օրինակ՝ ինչպե՞ս Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության հանրաքվեին այդքան արտասահմանցի դիտորդներ կային, ու ի՞նչ անել այլևս: Բաքուն նորից մեղադրեց հայկական կողմին, թեպետ զոհված ադրբեջանցիների դիակները չեզոք գոտում խոսուն ապացույց են նույնիսկ կողմնակալ կողմերի համար: Ադրբեջանի նախագահի համար այլևս միևնույն է, թե իրեն ինչի մեջ կմեղադրեն: Նա համարում է, որ ինքը ոչ միայն ուժեղ է, այլև արդար: ՈՒ այդ տեսակետի մեջ նրան համոզել են: Ո՞վ և ինչո՞ւ: Հարցը քաղաքական է, քաղաքականության մեջ չկան միանշանակ պատասխաններ: Կշարունակի՞ Բաքուն գրոհները: Այո: Իլհամ Ալիևը իրեն մտցրել է փակուղի, որտեղից ելքը տեսնում է կրակելով: Պատերազմի չի հանդգնի: Ոչ միայն «Իսկանդերների» պատճառով: Կկորցնի գահը, որ մտադիր է ժառանգել որդուն: Իսկ վաղը գարուն է: Հակառակ մշուշի՝ իրական ու քաղաքական: